Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չի տիրապետում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման մասին տեղեկությանը։
«Ես չեմ տիրապետում տեղեկատվությանը։ Այդ մասին ես մամուլից եմ իմացել։ Կարող եմ հաստատել, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները»,- սեպտեմբերի 1-ին հայտարարել է Մամեդյարովը։
Նրա խոսքով, այսօվա դրությամբ խաղաղ գործընթացի շրջանակներում շատ բան է արվել։ «Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը քարոզչությամբ զբաղվի՝ ասելով, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցային գործընթացից։ Հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի փուլային տարբերակով, Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- Trend-ի փոխանցմամբ ասել է Մամեդյարովը; Նա վստահություն է հայտնել, որ կգա ժամանակ, երբ «հայկական ուժերը դուրս կբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։
Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, համաձայն որի ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում նախապատրաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Համաձայն NEWS.am-ի դիվանագիտական աղբյուրի՝ Նյու Յորքում նման հանդիպում չի կայանա։



























