Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելել է ԵՊՀ, որտեղ ելույթ է ունեցել ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորել է Մայր ԲՈՒՀ-ի առաջին կուրսեցիներին համալսարան ընդունվելու եւ ուսումնական առաջին օրվա կապակցությամբ եւ նրանց մաղթել բեղմնավոր ուսում եւ բազում գիտելիքներ:

Նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, անդրադարձել նախօրեին ավարտված Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքներին, մանրամասն ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պատասխանելով ուսանողի հարցին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը եւ նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռնախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել:

Նույնն էր պատահել նաեւ 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Սստրախանի եւ 2010 թ. հունիսի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը: