Ճանապարհային ոստիկանության 40-50 աշխատակից այս պահին տեղափոխվում է այլ աշխատանքի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` սեպտեմբերի 1-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով` նրանց մի մասը թոշակի տարիքի է, իսկ մյուս մասը` «ալիմենտար ճարպակալում ունեն, ճանապարհային ոստիկանին հարիր տեսք չունեն»:
Ա. Սարգսյանը նշեց, որ հարգում է ոստիկանների տարիների աշխատանքը, այդ պատճառով համակարգից չի հեռացնում, սակայն ոստիկանի արտաքին տեսքը շատ կարեւոր է: «Եթե ճարպակալում են, դեֆորմացվում են, թող նստեն կաբինետներում աշխատեն, ոչ թե բոլորի աչքի առաջ ցուցադրական հանդես գան»,-նշեց ոստիկանապետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ճանապարհային ոստիկանությունը լուծարելու ծրագիրը ուժի մեջ է, սակայն հետաձգվում է` ֆինանսական եւ տեխնիկական խնդիրների պատճառով:




























