Ճանապարհային ոստիկանության որեւէ ստորաբաժանման կողմից ահազանգ չի եղել բենզինի պակասի վերաբերյալ: Այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիման ժամանակ, խոստովանեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ավելին` քրեական գործի հարուցումից հետո էլ որեւէ մեկը ցուցմունք տալ չի համաձայնում, թեեւ ամիսներ շարունակ ոստիկանական մեքենաները նորմայից քիչ են բենզին ստացել:
ՀՀ ոստիկանապետը դա բացատրեց «հին, ոսկրացած տրամադրությամբ», որը հարիր չէ ոստիկանին: Սակայն խոստացավ նաեւ, որ ինքն անձամբ կբացահայտի բոլոր չարաշահումները, եթե դրանց մասին տեղեկանա, այդպիսով, օրինակ ծառայելով համակարգի համար: Նա նաեւ խոստացավ պաշտպանել բոլոր այն ոստիկաններին, որոնք կհամարձակվեն առկա չարաշահումների վերաբերյալ բարձրաձայնել:




























