Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ուղերձով դիմել է երեւանցիներին, որտեղ կոչ է անում ավելի հոգատար լինել Երեւանի հանդեպ, մասնակցել շաբաթօրյակներին եւ մաքուր պահել քաղաքը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանի ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Սիրելի Երեւանցիներ,
Մենք բոլորս սիրում ենք մեր քաղաքը: Այդ սերը շատ ու քչով չի չափվում, այլ ընդամենը մեր վերաբերմունքով ու հոգատարությամբ: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է տիրոջ իրավունքով ու տիրոջ պարտականությամբ խնամել ամեն մի ծառ ու թուփը, հոգ տանել բակի, փողոցի, քաղաքի մաքրության ու բարեկարգման համար:
Քաղաքապետարանը կատարում է իր ամենօրյա աշխատանքը` մայրաքաղաքի բարեկարգման ու կանաչապատման գործում: Ու այդ ամենին եթե ավելանա մեր շրջակայքը բարեկարգելու բոլորիս պատրաստակամությունը, ես համոզված եմ, որ մեր քաղաքը կլինի ավելի ներկայանալի ու ավելի սիրված:
Արդեն իսկ մեծաթիվ հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում ու կանաչապատում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում, քանի որ ամեն մի դույլ ջուրը, կանաչ թուփն ու ծաղիկը, ուղղված եզրաքարը, բարեկարագ միջավայրը լուրջ նպաստ է ընդհանուր գործին ու մեծ նվեր մեր քաղաքին:
Երեւանը մաքուր ու բարեկարգ պահելը պետք է լինի բոլորիս ամենօրյա պարտականությունը:
ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 3-ը, 10-ը եւ 17-ը հայտարարում է համաքաղաքային շաբաթօրյակի օրեր:
Կոչ եմ անում բոլոր երեւանցիներին, տնտեսավարողներին, կազմակերպություններին ու հաստատություններին` հոգատար լինենք Երեւանի հանդեպ ամեն օր եւ ակտիվորեն մասնակցենք շաբաթօրյակներին, մաքրենք ու բարեկարգենք մեր քաղաքը:
Կոչ եմ անում բոլորին. Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ եւ Երեւանին նվիրած թարմ ու բարեկարգ միջավայրում»:



























