Եղե’ք պահանջատեր, պահանջե’ք գիտելիք: Այսօր` սեպտեմբերի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ղեկավարների եւ ուսանողության հանդիպման ժամանակ հայտարարել է ռեկտորի պաշտոնակատար Արա Ավետիսյանը: Նա նշել է, որ երկրի տնտեսության զարգացման, վերակազմակերպման եւ վերակառուցման կարեւորագույն խնդրի լուծման համար մեծ դերակատարություն ունի պոլիտեխնիկական կրթությունը եւ հենց վերջինս էլ պետք է դառնա ՀՊՃՀ ուսանողների անցաթուղթը: «Ձեր մասնագիտական աճի երաշխիքը լավ սովորելն ու գիտելիք կուտակելն է, որպեսզի հետագայում արժանի վաստակ ունենաք երկրի կառուցման գործում եւ լրացնեք Պոլիտեխնիկի շրջանավարտների ստվար բանակը: Եվ եկեք այսօրվանից միասին կերտենք համալսարանի առօրյան»,-խորհուրդ է տվել Ա. Ավետիսյանը:

Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանն էլ հորդորել է նորաթուխ ուսանողներին արդյունավետ օգտագործել ուսանողական տարիները` ապագայում մրցունակ մասնագետ դառնալու ակնկալիքով:

Նշենք, որ ՀՊՃՀ Երեւանյան կրթահամալիրում բակալավրական կրթական ծրագրով հատկացված 642 տեղի համար (249 անվճար եւ 393 վճարովի) դիմել է 179 դիմորդ: Ընդունելության արդունքների համաձայն` ճարտարագիտական համալսարան են ընդունվել են 87 դիմորդ, որոնցից 43-ը անվճար հիմունքներով, իսկ 44-ը` վճարովի: Առաջին կուրսեցիների թվակազմով առաջատար է համարվում ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը (35 ուսանող), երկրորդ տեղում է Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետը (13 ուսանող), երրորդ տեղում`  Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետը (12 ուսանող):

ՀՊՃՀ Գյումրիի, Վանաձորի եւ Կապանի մասնաճյուղերում ընդհանուր դիմումների թիվը կազմել է 21. ընդունվել են 4-ը: Գյումրու մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 9, ընդունվել են 2-ը, Վանաձորի մասնաճյուղում դիմել են 5 դիմորդ, ընդունվել է 1-ը, իսկ Կապանի մասնաճյուղում դիմումների թիվը կազմել է 7, ընդունվել է մեկ դիմորդ:

Այս տարի համալսարանը «Մեքենաշինություն եւ նյութերի մշակում», «Կիրառական մեխանիկա», «Հրատարակչական գործ եւ պոլիգրաֆիա» մասնագիտությունների գծով ուսանողներ չի ունենա:

Բարեհաջող կերպով է ընթացել 9-ամյա կրթության հենքի վրա ՀՊՃՀ քոլեջի ընդունելությունը, որտեղ այս տարի կուսանի 347 ուսանող: