Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն (ՔԱԿ) այսօր` սեպտեմբերի 1-ին քննարկում է կազմակերպել` նվիրված Երեւանում կրպակների ապամոնտաժման գործընթացին, դրա իրավական ասպեկտներին եւ սոցիալական հետեւանքներին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը որպես հանդիպման նպատակներ, մատնանշել է կրպակատերերին իրենց իրավունքների մասին իրազեկումը, իրավաբանական խորհրդատվությունը եւ խնդրի լուծման իրավական ճանապարհի բացահայտումը: Նա ընդգծել է, որ քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրված եւ հաղթած կուսակցություններից որեւէ մեկի նախընտրական ծրագրի դրույթներում չի եղել կրպակների ապամոնտաժման դրույթը:
Բանախոսները սեփականության իրավունքի վկայական ունեցող քաղաքացիներին (կրպակատերերին) խորհուրդ են տվել տեղի չտալ թաղապետարանի աշխատակիցների ապօրինի հորդորներին` սեփական կամքով ապամոնտաժելու կրպակները, քանի որ Սահմանադրությամբ, անձին իր սեփականությունից կարելի է զրկել միայն դատական կարգով: Նույն ձեւով է խնդիրը կարգավորվում նաեւ հասարակության եւ պետության կարիքների համար քաղաքացու գույքն օտարելիս` դատական կարգով եւ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում վերոնշյալ իրավական հիմքերը բացակայում են:
Բացի այդ, նշվել է, որ քաղաքացիներին ուղարկված ծանուցումները եղել են առանց ստորագրության եւ կնիքի, երբեմն` առանց ժամկետների եւ իրավասու պաշտոնատար անձանց մատնանշման, առանց այն իրավական հիմքի, ի կատարումն որի` կրպակները պետք է ապամոնտաժվեն:
Կրպակատերերի շարժման կազմկոմիտեի անդամ Արեւհատ Ղազարյանը ցավ է հայտնել, որ Երեւանի քաղաքապետի համար կրպակների ապամոնտաժումը փիլիսոփայություն է, մինչդեռ իրենց համար դա իրենց տները քանդել է:
Թե Ա.Ղազարյանը, թե այլ կրպակատերեր հավաստեցին, որ այս տարիներին իրենց գործունեության երաշխիք է համարվել Երեւանի քաղաքապետի 2006թ. որոշումը, որով չվերակնքված վարձակալության պայմանագրերը համարվում են անորոշ ժամկետով կնքված պայմանագրեր` առավելագունը մինչեւ 2015թ. գործողության ժամկետով:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը կրպակատերերին հորդորել է իրենց սեփականության իրավունքին ու գույքին սպառնացած անհայտ ու հայտնի պաշտոնյաների, նրանց աջակցող ոստիկանների գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում տալ ՀՔԾ, Դատախազություն եւ Ոստիկանություն: Միաժամանակ հորդորել է դատարան դիմել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործողությունների, թեպետ վերջինս պետք է յուրաքանչյուր կրպակի համար ինքը դիմեր դատարան եւ դատարանի վճռով հարկադրեր ապամոնտաժումը, ինչը չի արել:
Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ անցած շաբաթավերջին «Ժառանգությունը» պաշտոնական գրությամբ դիմել էր Ազգային ժողովի ու նրա հանձնաժողովների ղեկավարությանը` հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով: Նա իրազեկեց, որ Ազգային ժողովում Տարածքային կառավարման ու տեղական ինքակառավարման հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-ին արդեն իսկ նշանակվել է այդ շարքից առաջին քննարկումը, որտեղ ԱԺ խմբակցությունները պարզաբանումներ կլսեն Երեւանի քաղաքային իշխանություններից:



























