Իսրայելը անհամաչափ ագրեսիա է կիրառել թուրքական նավը գրավելու ժամանակ, որը նախորդ տարի ուղեւորվում էր Գազայի հատված, սակայն այդ հատվածի ծովի կողմից իրականացվող շրջափակումը համարվում է օրինաչափ: Նման եզրակացության է եկել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը, այսպես կոչված «Փալմերի հանձնաժողովը», որը զբաղվում է այդ միջադեպով, հաղորդում է «Ազատությունը»:
Պաշտոնապես հանձնաժողովի զեկույցը կներկայացվի այսօր` սեպտեմբերի 2-ին, թեեւ նախօրեին զեկույցի ամբողջական տեքստը հայտնվել է New York Times-ի լրագրողների ձեռքին:
Այդուհանդերձ, փորձագետները համարում են, որ իսրայելցի զինվորների կիրառած մեթոդները` հարձակվողներին չեզոքացնելու հարցում, «եղել են չափից դուրս եւ չարդարացված»:
Միաժամանակ, զեկույցում նշվում է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումն օրինական է, որ այդ երկիրը ստիպված է «ընդդիմանալ քրեածին խմբավորումների կողմից բռնության սպառնալիքին», հաղորդում է NEWSru.co.il-ը:
Զեկույցը խիստ քննադատության է ենթարկում նավատորմի կազմակերպիչներին, որոնք «շրջափակումը ճեղքելու անպատասխանատու փորձ են արել», նաեւ լուրջ անհանգստություն են հայտնել կապված այդ ակցիայի կազմակերպիչների կողմից դրված խնդիրների առումով:
Նշվում է նաեւ, որ իսրայելցի զինվորները ավելի վատ պայմաններում են գտնվել եւ ստիպված են եղել պաշտպանել իրենց կյանքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսրայելի հատուկջոկատայինները գրահել եւ գրավել են թուրքական «Մավի Մարմարա» նավը, որը փորձել է ճեղքել շրջափակումը եւ հասնել Գազայի հատված: Միջադեպի արդյունքում սպանվել է 9 թուրք զինվոր: Այդ միջադեպը բարդացրել է Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները, քանի որ Իսրայելը հրաժարվում է ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:



























