Ճապոնիայի նոր վարչապետ Իոշիհիկո Նոդան (Yoshihiko Noda) նոր կաբինետ է ձեւավորելու այսօր` սեպտեմբերի 2-ին, որն օրվա ընթացքում կանցնի պարտականությունների կատարմանը:
ԱԳՆ-ի ղեկավարությունը ստանձնել է ազգային ռազմավարության նախկին առաջնորդ 47-ամյա Կոիտիրո Գեմբան: Նա դիվանագիտական փորձ չունի, սակայն կարեւոր դերակատարում ունի Ճապոնիայում իշխող դեմոկրատական կուսակցության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կաբինետի գլխավոր քարտուղարը, ով համարվում է «երկրորդ մարդը», դարձել է Օսամու Ֆոձիմուրան, ներկայիս վարչապետի ամենամտերիմ աջակիցը:
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է քիչ հայտնի պատգամավոր 49-ամյա Ձյուն Աձումին, նա նախկին լրագրող է: Անկասկած, վարչապետ Նոդան անձամբ է տնօրինելու ֆինանսական հարցերը, որոնց լուծման համար նա առաջարկում է կրճատել բյուջետային ծախսերը եւ ավելացնել հարկերը:
Նոր կաբինետում պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Յասո Իտիկավան, իսկ վարչական հարցերով նախարարը` Տացիո Կավաբատան է:
Ինչպես եւ նախկինում, այժմ եւս կառավարությունում բոլոր պաշտոնները զբաղեցրել են իշխող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իոշիհիկո Նոդան խորհրդարանի պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ ընտրվել էր այդ երկրի վարչապետ:
Նախկին վարչապետ Նաոտո Կանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս վարչապետի եւ իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից:



























