Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետեւանքով առնվազն 59 մարդ է մահացել, 150-ը վիրավորվել է, հայտնում է AP-ն։
Սեուլի հրշեջ ծառայության պետ Չխվե Սոն Բոմն ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները շարունակում են վիրավորներին տեղափոխել Սեուլի հիվանդանոցներ՝ շաբաթ երեկոյան Իտաեւոն ժամանցային թաղամասում հրմշտոցից հետո: Նա ասել է, որ մահացածներից 13-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած 46-ի դիերը դեռ փողոցում են։
Պաշտոնյաներն ասում են, որ մարդիկ ենթադրաբար ջարդուխուրդ են եղել այն բանից հետո, երբ մեծ ամբոխը սկսել է առաջ շարժվել Սեուլի երեկույթների գլխավոր վայր հանդիսացող Hamilton հյուրանոցի մոտ գտնվող նեղ նրբանցքով:
Ոստիկանությունը, որը սահմանափակել է երթեւեկությունը մոտակա շրջաններում, որպեսզի արագացնի վիրավորների տեղափոխումը քաղաքի հիվանդանոցներ, նաեւ հաստատել է, որ տասնյակ մարդկանց Իտհեւոնի փողոցներում արհեստական շնչառություն են տվել: Սեուլի ղեկավարությունն արտակարգ տեքստային հաղորդագրություններ է ուղարկել՝ կոչ անելով շրջանի բնակիչներին որքան հնարավոր է շուտ վերադառնալ տուն:
Որոշ տեղական լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ հրմշտոցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեծ թվով մարդիկ շտապել են Իտհեւոնի բար՝ լսելով, որ այնտեղ հայտնի մարդ է եղել:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պաշտոնյաներին ապահովել վիրավորների արագ բուժումը եւ ստուգել տոնակատարությունների վայրերի անվտանգությունը։ Նա նաեւ առողջապահության նախարարությանը հանձնարարել է արագորեն բուժօգնության խմբեր տեղակայել եւ ապահովել մահճակալներ մոտակա հիվանդանոցում՝ վիրավորներին բուժելու համար:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մոտ 100 000 մարդ է հավաքվել Իտհեւոնի փողոցներում Հելոուինի տոնակատարության համար, որը վերջին տարիներին ամենամեծն է եղել Covid-19-ի պատճառով սահմանափակումների մեղմացումից հետո:




























