Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դժգոհ է լրատվամիջոցներում ՄԱԿ-ի` «Ազատության նավատորմի» վրա հարձակման մասին զեկույցի վերաբերյալ արտահոսքից:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, նախարարը նկատել է, թե այսօր մանրամասն կմեկնաբանի ՄԱԿ-ի զեկույցը:

«Ես կրկին պետք է դժգոհություն հայտնեմ: Վերջին շրջանում հաճախակի են դարձնել զեկույցները մամուլում նախապես հրապարակելու դեպքերը»,- հայտարարել է Դավութօղլուն: Նա նշել է, թե հարցը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

«Դա լուրջ մոտեցում չէ, երբ լրատվամիջոցները հրապարակում են զեկույցները նախքան այն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնելը»,- ասել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցի ողջ տեքստը հայտնվել էր New York Times թերթի լրագրողների ձեռքում: Զեկույցում ասվում է, որ Իսրայելն ավելորդ ագրեսիա է ցուցաբերել Գազա ուղեւորվող մարդասիրական նավատորմի նկատմամբ: