20 տարի մեր ժողովուրդը պայքարել է, սակայն  մինչ այսօր մեր դիվանագիտական դպրոցի սեղանին դրված չէ արցախյան հիմնահարցի հայեցակարգ, իսկ եղած մեթոդը, որը 1992 թվականից ներկայացվել է Հայաստանի կողմից, ամբողջովին խեղաթյուրում է արցախյան հիմնահարցի բուն էությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` եթե Ադրբեջանն ունենար մեր հաղթական փաստաթղթերի 10 տոկոսը, գոնե կարգելեր մեզ մուտք գործել միջազգային ատյաններ։ 

«Ինձ համար գեղեցիկ ելույթներն արժեք չեն ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը չի տեսել, որ տարվող քաղաքականության մեջ ռեալ  փոփոխություններ են մտցված: Սա երեւանյան անսկզբունքայնություն է: Հայտնվել ենք մի վիճակում, որ, կարծես թե, ամաչում ենք մեր արածի համար: Այսինքն` ինչ է, թողնեինք, որ մեզ կոտորեի՞ն մեր տան մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ադրբեջանը չի կարող հանդես գալ որպես բանակցային կողմ, նա պետք է հանդես գա որպես պատասխանող կողմ` իր գործած հանցագործությունների համար:

Ասուլիսի մյուս բանախոսը` Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւս համակարծիք է հայեցակարգ ստեղծելու գաղափարի հետ, ավելին, նրա խոսքով` պաշտպանվելու փոխարեն անհրաժեշտ է նախահարձակ լինել, հայկական կողմը պետք է ավելի ակտիվ լինի, պետք է մշակվի հայեցակարգ, որպեսզի բանակցությունների ընթացքում հաջողության հասնենք:

«Այսօր մենք ունենք ազատ, անկախ Արցախ, որն ամբողջությամբ ընտրել է իր ուղին: Արցախն արդեն կայացած պետություն է, ինչի մասին վկայում են Ղարաբաղի տնտեսական ցուցանիշները, զարգացման հեռանկարները, մնում է դրան միայն իրավական ձեւակերպում տրվի»,- ասաց պատմաբանը:

Նշենք, որ  ԼՂ անկախություն հռչակել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին: