Ուկրաինայի իշխանությունները մտադիր են վերացնել «Նավթոգազ» ազգային ընկերությունը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կառավարության կողմից նախատեսված այս քայլը կհանգեցնի ռուսական «Գազպրոմի» հետ կնքած գազային պայմանագրերի վերանայման։

Ավելի վաղ Կիեւն անհաջող կերպով փորձել էր համոզել Մոսկվային վերանայել 2009 թվականին կնքված գազային համաձայնագրերը՝ «Գազպրոմին» սպառնալով միջազգային դատարանում նրա դեմ հայցերով։

«Նավթոգազ Ուկրաինի»-ն հիմնադրվել է 1991 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը Ուկրաինայի կառավարությունն է։ 2010 թվականի տվյալներով, ընկերության հասույթը կազմել է 13,5 մլրդ դոլար։