Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի եւ գրականության ինստիտուտը մեկնաբանություններ է տվել «այծ» եւ «ոջլոտություն» բառերի կապակցությամբ, որոնք իր ելույթներից մեկի ժամանակ կիրառել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին հաղորդում է «Եվրոռադիո»-ն:
Նախագահի ելույթներից հետո Մոգիլեւայի բնակիչ Ալեքսեյ Պավլովսկին դիմել է մի շարք պետական հաստատությունների` այդ բառերի նշանակությունը բացատրելու խնդրանքով: Նա նաեւ ցանկացել է իմանալ նպատակահարմա՞ր է արդյոք այդ բառերի կիրառումը երկրի նախագահի կողմից` իր ժողովրդի հանդեպ:
Պավլովսկին ստացել է պատասխանը. գիտնականների կարծիքով, այդ բառերի կիրառման նպատակահարմարությունը եւ պատշաճությունը կախված է «խոսքի ժանրից եւ ելույթի պրագմատիկ նպատակներից»: Պավլովսկիին խորհուրդ են տվել այդ բառերի նշանակությունը փնտրել ռուսական գրական լեզվի բացատրական բառարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այս տարվա ապրիլին Լուկաշենկոն չի մասնակցել Կիեւում` Չեռնոբիլի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Մեկնաբանելով լրագրողների ենթադրությունը, թե Բելառուսի նախագահին չի ցանկացել տեսնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Լուկաշենկոն նրան անվանել է «այծ»: «Ինչ վերաբերում է նման այծերին, ինչպիսին Բարոզուն է եւ մյուսները... Ո՞վ է Բարոզուն: Կար ինչ-որ Բարոզու Պորտուգալիայում, բայց նրան վռնդեցին այնտեղից, եւ նա տեղավորվեց Եվրահանձնաժողովում: Ես շատ քիչ եմ հետեւում, թե եվրաչինովնիկներից ով երբ ինչ արեց: Նրանք այնտեղ հազարներով են»,- հայտարարել էր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Բելառուսի 158 պաշտոնյաների, զինվորականների եւ դատավորների ցուցակը, որոնց արգելվում է այցելել Շենգենյան երկրներ: Այդ ցանկում է նաեւ Լուկաշենկոն` իր որդիների հետ:




























