Թերթը գրում է, որ կառավարությունում երեկ` սեպտեմբերի 1-ին, զավեշտալի դեպք է գրանցվել:

«Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին եւ անակնկալ կերպով հայ ոստիկաններին քննադատել գեր կառուցվածքի համար: Ոստիկանապետը նշել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել արտաքին ծառայություն իրականացնող գիրուկ եւ ճարպակալած ոստիկաններից, քանի որ այդ անձինք ոստիկանին հարիր տեսք չունեն: «Ես չեմ ուզում, որ մեր քաղաքացիները փողոցներում տեսնեն նման տեսք ունեցող ճանապարհային ոստիկանի: Նրանցից շատերը կտեղափոխվեն կաբինետային աշխատանքի»,- ընդգծել է նա:

«Առաջին տպավորությունը կարեւոր է: Մարդիկ մուտք են գործում հանրապետություն ու տեսնում են փորով, դեֆորմացված ոստիկանի: Մեր հին աշխատակիցները, ովքեր տարիների ընթացքում փոքր-ինչ դեֆորմացվել են, ճարպակալում ունեն եւ այլն, թող նստեն կաբինետներում, աշխատեն, պարտադիր չէ ժողովրդի առաջ ցուցադրաբար հանդես գան»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Նրա այս խոսքերից զգաստացել է նաեւ ոստիկանապետին ուղեկցող գիրուկ թիկնապահը, ով ձգվել է, հավաքել կոստյումի փեշերը, թաքցրել գիրուկ փորն ու մի քանի քայլ հեռացել Ալիկ Սարգսյանից:

Հ. Գ. Հետաքրքիր է` Ալիկ Սարգսյանը մտածո՞ւմ է իր արարքի հետեւանքների մասին: Որպես կանոն, գրասենյակային աշխատանք կատարողներն ավելի արագ են գիրանում: Տեսնես Սերգեյիչի բարեփոխումներից որոշ ժամանակ անց ինչ տեսք կունենան առանց այն էլ գեր ու դեֆորմացված ոստիկաններ»,- գրում է թերթը: