Սովորույթի համաձայն, ադրբեջանական լրատվամիջոցները գրաքննության են ենթարկում ցանկացած մեկնաբանություն, որը նույնիսկ թեթեւակիորեն առնչվում է Հայաստանին, հայերին եւ հայկականությանն ընդհանրապես: Այս անգամ ադրբեջանական շտկումների զոհ է դարձել UNİCEF-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Մարկ Հերվորդը:

Ադրբեջանական լրատվամիջոցները Հերվորդի անունից տարածել են խիստ կատեգորիկ պնդում` UNİCEF-ը քննադատել է հայերի կողմից ադրբեջանցի երեխաների սպանությունը: Այնուհետեւ մեջբերվում է Մարկ Հերվորդի խոսքը. «Մենք, ինչպես նաեւ UNİCEF-ում Ադրբեջանի ներկայացուցիչները, վճռականապես քննադատում ենք այդ դեպքերը: Դա մեծ ողբերգություն է, երբ տեղի է ունենում երեխայի սպանություն, այդ պատճառով մենք վճռականապես քննադատում ենք դա»: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները հնարավոր են համարել այդ խոսքը մեկնաբանել այնպես, թե իբր UNİCEF-ը քննադատում է հայերի կողմից իրականացված ադրբեջանցի երեխայի սպանությունը:

Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է կազմակերպության երեւանյան գրասենյակին, որն, իր հերթին, կապ է հաստատել Բաքվի գործընկերների հետ: «Մեջբերումը համապատասխանում է պարոն Հերվորդի ասածներին: Իսկ ինչ վերաբերվում է վերնագրին, ապա դա լրագրողի մեկնաբանությունն է, որը չի համընկնում UNİCEF-ի պաշտոնական տեսակետի հետ»,-հայտնել են երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից: