Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը ԲԴԽ-ն ձգձգեց այնքան՝ մինչեւ օրենքով սահմանված եռամսյա ժամկետի ավարտը, ինչի արդյունքում իշխանությունների «սրտի դատավոր»-ը խուսափեց պատասխանատվությունից։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

ԲԴԽ-ում կայացած նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Գ․ Մուղնեցյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճել կամ ավարտել գործի քննությունը՝ մերժելով միջնորդությունը։

Նշենք, որ դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է 2022թ հուլիսի 29-ին, օգոստոսի 18-ի որոշմամբ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, սակայն նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ տարբեր պատճառներով եւ միջնորդության, ըստ էության, քննություն դեռեւս տեղի չի ունեցել։ Փաստացի այս ամիսների ընթացքում կայացել է մեկ նիստ, որի ընթացքում դատավորը միջնորդություն էր ներկայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին, որը մերժվել է։ Նախորդ նիստերից մեկը հետաձգվել էր՝ դատավորի միջնորդությամբ, մյուսը՝ քվորումի բացակայությամբ, իսկ նախորդ նիստին չէր ներկայացել դատավորը՝վատառողջ լինելու պատճառով, բժշկական փաստաթուղթը ներկայացվել է այսօր՝ նիստի մեկնարկին։

Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը՝ դատավորի ներկայացուցիչը միջնորդել է կարճել վարույթը կամ ավարտել գործի քննությունը՝ մերժելով միջնորդությունը։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանն առարկել է՝ նշելով, որ օրենքով սահմանված է նաեւ ժամկետի երկարացում՝ հատուկ դեպքերում։

Դատավորի ներկայացուցիչ Գ․ Մուղնեցյանն էլ նշել է՝ կարծում էր այսօրվա նիստը նույնիսկ չէր կայանա, կստանային ծանուցում՝ գործի քննության ավարտի մասին՝ մերժման կամ կարճման տեսքով։

ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշել է բավարարել միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը թողնելով առանց քննության՝ ժամկետներն ավարտված լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ՝ ԲԴԽ նախկին նախագահ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով 13 տարի առաջ կայացված որոշման համար։ Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երեւան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու եւ բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել` չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ եւ բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել բողոքը: Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից՝ համաներմամբ: 2021թ մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչն էլ հիմ է հանդիսացել գործը շուրջ 13 տարի առաջ քննող դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու։

Ըստ ԲԴԽ ներկայացված միջնորդության՝ Մնացական Մարտիրոսյանը, հաշվի չառնելով Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը, որոշում է կայացրել Վարդան Ջհանգիրյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար բերման ենթարկելու մասին։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Վարդան Ջհանգիրյանի իրավունքները խախտվել են, վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ ՀՀ արդարադատության նախարարությունը գտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կոպիտ անփութություն է ցուցաբերվել։