Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը, որից ընտանիքի անդամները լուր չունեին 2021 թվականի նոյեմբերի 12–ից, իսկ հոկտեմբերի 10–ին էլ նա դատարանի վճռով մահացած է ճանաչվել, այլեւս չի մեղադրվում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեջ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Վահե Սամվելի Մանուկյանի կողմից 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ ծառայության վայրն ինքնակամ թողնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված հատկանիշներով 2021 թվականի նոյեմբերի 22–ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի հունիսի 10–ին որոշում է կայացվել Վահե Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
2022 թվականի հունիսի 10–ին որոշում է կայացվել 2021 թվականի նոյեմբերի 22–ին հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով (հին քրեական օրենսգիրք, սպանություն) նոր քրեական գործ հարուցելու մասին։ Որոշվել է նոր հարուցված քրեական գործը միացնել 2021 թվականի նոյեմբերի 22–ին հարուցված քրեական գործին եւ նախաքննությունը շարունակել մեկ վարույթում։
2022 թվականի հունիսի 22–ին Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, նախաքննության համակողմանիությունն ապահովելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական ու վարույթային այլ գործողություններ»,– ասվում է Քննչական կոմիտեի պատասխանի մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 10–ին բավարարել է Վահե Մանուկյանի կնոջ՝ Լիանա Մելիքսեթյանի ներկայացուցիչ Ս. Պողոսյանի դիմումը եւ Վահե Սամվելի Մանուկյանին ճանաչել մահացած՝ 12.11. 2021 թվականից։
Ըստ դատարանի՝ այն որ Վահե Մանուկյանն անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետեւանքով, հաստատվում է նաեւ ՊՆ զորամասի հրամանատարի տեղեկանքով, որի համաձայն՝ Վահե Մանուկյանը նույն զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկվել է 12.11.2021–26.11.2021 թթ. ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնելու ցուցակներում եւ ծառայությունն իրականացվել է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում
Դատարանն արձանագրել է, որ նշված ապացույցների ամբողջությունը բավարար է հաստատված համարելու համար ՀՀ Քաղաքացիական օրենսգչքի 47–րդ հոդվածով նշված փաստի առկայությունը, ինչը հիմք է Լիանա Մելիքսեթյանի դիմումը հիմնավոր համարելու եւ դիմումի պահանջը բավարարելու համար։




























