Դուշանբեում այսօր տեղի կունենա ԱՊՀ գագաթաժողովը, որի ժամանակ ԱՊՀ երկրների առաջնորդներին կներկայացվի «Քսան տարվա ընթացքում ԱՊՀ գործունեության արդյունքները եւ հեռանկարին ուղղված խնդիրները» վերլուծական զեկույցի նախագիծը:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է Կրեմլի աղբյուրը, ԱՊՀ երկրների նախագահները կքննարկեն ԱՊՀ հետագա զարգացման հարցեր եւ կընդունեն տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր, ներառյալ` հակահրթիռային պաշտպանության համակարգերի կատարելագործման եւ միգրացիոն քաղաքականության ոլորտները:
Ակնկալվում է նաեւ ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարության ստորագրում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը, ոչ բոլոր առաջնորդներն են մասնակցելու գագաթաժողվին: Հանդիպմանը ներկա չեն լինի Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Դուշանբե է մեկնել նախօրեին:



























