ՄԱԿ-ը «խորը ափսոսանք» է հայտնում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունների առնչությամբ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարության մեջ:
Բան Կի Մունը հիասթափություն է հայտնել, որ ՄԱԿ-ի փորձագետների եզրահանգումները չնպաստեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը եւս հույս էր հայտնել, որ Իսրայելն ու Թուրքիան կբարելավեն հարաբերությունները: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ չեն դադարեցնելու երկու երկրների միջեւ հակասությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպը քննող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը Իսրայելի կողմից ուժի կիրառումը չափազանց էր համարել` միաժամանակ Գազայի հատվածի նկատմամբ նրա շրջափակումը իրավաչափ համարելով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Թուրքիան իր դեսպանին հետ է կանչում Իսրայելից, քանի որ վերջինս հրաժարվում է ներողություն խնդրել «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար:
Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցը համարել էր ավելի շատ քաղաքական, քան իրավական, եւ նշել էր, որ այն անընդունելի է Թուրքիայի համար:
Նույն օրը անունը բացահայտել չցանակացող իսրայելցի դիվանագետը «Ֆրանսպրեսին» հայտնել էր, որ Իսրայելը ցավում է մարդկային զոհերի համար, սակայն Անկարայից ներողություն չի պատրաստվում խնդրել եւ Թուրքիային կոչ է անում պահպանել միջազգային ծովային նորմերը:



























