Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ԱՄՆ-ի հետ գազային խոշոր գործարքի մասին կլիմայի փոփոխության COP27 գագաթաժողովից հետո կհայտարարի, հայտնում է Telegraph թերթը։
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Միացյալ Նահանգները հաջորդ տարվա ընթացքում մոտ 10 միլիարդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ (ՀԲԳ) կխոստանա, գործարքի շուրջ քննարկումները վերջնական փուլում են, եւ այդ մասին հայտարարությունը կարող է մեկ-երկու շաբաթից արվել:
Նշվում է, որ գործարքի ստույգ գումարի շուրջ վեճերը շարունակվում են, եւ շատ հնարավոր է, որ գործարքի մասին հայտարարելիս կոնկրետ թիվ չնշվի։ Անհասկանալի է նաեւ թե ամերիկյան ընկերություններից որքան գազ այս ձմռանը կմտնի Մեծ Բրիտանիայի էներգահամակարգ:
Այս տարվա սկզբին Միացյալ Նահանգները համաձայնել էր 15 միլիարդ խորանարդ մետր ՀԲԳ մատակարարել Եվրամիությանը, որպեսզի օգնի նրան հաղթահարել էներգետիկ ճգնաժամը:
ԱՄՆ կառավարության գնահատմամբ՝ ավելի շատ վառելիք մատակարարելու ԱՄՆ-ի ՀԲԳ արտադրողների հնարավորությունը միայն աննշան կաճի մինչեւ 2025 թվականը, երբ երեք նոր կայաններ ամբողջությամբ գործարկվեն:
Մեծ Բրիտանիայի էներգիա մատակարարող մոտ 12 ընկերություններ այս տարի սնանկացել են, ինչն առնչվել է ավելի քան 2 միլիոն հաճախորդների։




























