Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 3-ին կայացել է տոնական նիստ` նվիրված Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի ներդրման 20-ամյակին:
«Հայաստանի ԱԻՆ-ը կարեւոր նշանակություն ունի երկրի ընդհանուր կայուն զարգացման համար: Վերջին տարիներին Հայաստանի ԱԻՆ-ում իրականացվել են լուրջ բարեփոխումներ, ինչը թույլ է տվել կրճատել արտակարգ իրավիճակների թիվը: Ծրագրվում է կառուցել իննհարկանի գերսեյսմակայուն շենք, որտեղ կտեղակայվի ԱԻՆ փրկարար ծառայության կենտրոնը»,-նիստում ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նիստին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պետական կառույցների այլ ներկայացուցիչներ:
«Շնորհավորում եմ ԱԻՆ բոլոր աշխատակիցներին: 1988թ. Սպիտակի երկրաշարժը խթան դարձավ Հայաստանի ԱԻՆ ստեղծման համար: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` մեր երկիրը մշտապես ռիսկի տակ է գտնվում: Հայաստանի ԱԻՆ աշխատակիցների պատասխանատու աշխատանքը թույլ է տալիս կանխել արտակարգ իրավիճակները եւ նվազեցնել հնարավոր ռիսկերը»,-ընդգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ԱԻՆ եւ պետական այլ կառույցների մի շարք աշխատակիցների հանձնվեցին մեդալներ եւ պատվոգրեր կառավարության, Ազգային ժողովի, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության խորհրդի, ոստիկանության կողմից:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր շնորհավորական խոսքում նկատեց, որ Հայաստանում ԱԻ ինստիտուտը կայացել է: «Հարգելի ԱԻՆ աշխատակիցներ, դուք արիությամբ եք կատարել ձեր վրա դրված դժվարին խնդիրները: Ձեր շնորհիվ մարդկային շատ կյանքեր են փրկվել: Հուսով եմ, դուք պատվով կկատարեք ձեր վրա դրված պարտավորությունները»,- հայտարարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նշենք, որ 1991թ. դեկտեմբերին Հայաստանի կառավարությանն առընթեր ստեղծվել էր արտակարգ իրավիճակների վարչությունը: 2008թ. այն վերակազմավորվել էր որպես Արտակարգ իրավիճակների նախարարություն:



























