ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է անում ամրապնդել ԱՊՀ-ից ժամանող դիտորդական առաքելությունների դերը` նշելով, որ ԵԱՀԿ-ի` ԱՊՀ երկրներում անցկացվող ընտրությունների եւ հանրաքվեների հսկման նպատակով ժամանող միջազգային դիտորդական առաքելություններն երբեմն չափազանց քաղաքականացված են:

«Որպես կանոն, ԵԱՀԿ ժողովրդավարական ինտիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընթացակարգի շրջանակներում ժամանող դիտորդական առաքելությունները բաղկացած են մեծաքանակ մարդկանցից եւ միջազգային դիտորդներից, որոնք երբեմն քաղաքականացված մոտեցում են ցուցաբերում ընտրությունների գնահատման եւ նախապատրաստման ժամանակ»,-հայտարարել է Մեդվեդեւը` Դուշանբեում ԱՊՀ անդամ-երկրների պետության ղեկավարների ընդլայնված հանդիպմանը ելույթ ունենալու ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եկեք չթաքցնե’նք, այդ մոտեցումը շատ հաճախ հիմնված է երկակի ստանդարտների վրա»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ պետք է ուժեղացնել ԱՊՀ-ից ժամանող դիտորդական առաքելությունների դերը:

Մեդվեդեւը նաեւ ուռճացված է համարում ԵԱՀԿ-ից ժամանող դիտորդական առաքելությունների կազմը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակից ուղարկված դիտորդական առաքելությունների մեջ ընդգկվում է 10-ից 15 մարդ, «իսկ մեզ մոտ ժամանում են 300-ից 500 մարդ»: