Ավարտին են մոտենում միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում։ Ընտրատեղամասերն առաջինը փակվել են Ինդիանա եւ Քենտուկի նահանգներում։ Վերջինը փակվելու են Հավայների եւ Ալյասկայի ընտրատեղամասերը։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Կոնգրեսի ընտրություններում առաջինը Հանրապետական կուսակցության թեկնածուներն են։ Սենատի հարցում առայժմ հստակություն չկա։

CNN-ի գնահատմամբ՝ հանրապետականներն ապահովել են 179 տեղ (435-ից) Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 146։ Սենատում տեղերը հավասար են բաշխվում. 46-ական ներկայացուցիչներ դեմոկրատներից եւ հանրապետականներից։ Սենատն ունի 100 տեղ։

NBC-ի տվյալներով՝ հանրապետականներն ապահովել են 215 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 220։ Սենատում տեղերը հավասար են բաշխվել, երկու կուսակցությունն ստացել է 46-ական աթոռ։ Հեռուստաալիքի հաշվարկներով՝ Հանրապետական կուսակցության թեկնածուները հաղթում են նաեւ 24 նահանգների ղեկավարների ընտրություններում, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ 17 նահանգում։

FoxNews-ի տվյալներով՝ հանրապետականներն ստանում են առնվազն 170 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 116։ Սենատում երկու կուսակցություններն ապահովել են 46-ական տեղ։

Միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին։ Ընտրությունների արդյունքում լիովին վերընտրվելու են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ մասամբ՝ Սենատը։ Հարցումների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում մեծամասնություն են ստանալու հանրապետականները։ Այս գումարման դեռեւս գործող Կոնգրեսում մեծամասնություն են կազմում դեմոկրատները։