Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետությունը չորեքշաբթի, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Պահպանությունից նշել են, որ Փհենյանի կողմից արձակված հրթիռն արդեն ընկել է եւ կոչ են արել հրթիռի մասերի հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ տեղեկացնել իշխանություններին։

Kyodo-ի կառավարության աղբյուրների համաձայն՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից սկսել է աշխատել ճգնաժամային շտաբը, որը զբաղվում է Փհենյանի կողմից նոր հրթիռի գործարկման մասին տեղեկությունների հավաքմամբ եւ վերլուծությամբ։ Ճապոնիայի ՊՆ-ն նույնպես վերլուծում է այդ հրթիռի գործարկման մասին տվյալները։ Արձակման հետեւանքով վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկադզու Խամադան լրագրողներին հայտնել է, որ բալիստիկ հրթիռը թռել է մոտ 250 կմ՝ թռիչքի առավելագույն 50 կմ բարձրության վրա։