Թայվանը նախատեսում է անօդաչուների ներքին արտադրություն սկսել Չինաստանին հնարավոր դիմակայության համար։ Նախագծի համար հատկացվել է 1,6 մլրդ դոլար, գրել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Թայվանը մտադիր է մեկ տարում դրոնների համար մատակարարումների ներքին շղթա ստեղծել, որոնք կղզու զինվորականները կարող են օգտագործել Չինաստանի դեմ պատերազմում... համաձայն այն պլանի, որի համար հատկացվել է 1,6 մլրդ դոլարի բյուջետային միջոց. երեք տարում կառավարությունը մտադիր է կազմակերպել դրոնների թայվանյան մասնավոր արտադրության «ազգային թիմ»՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»,- նշվել է պարբերականի հրապարակման մեջ։

Կղզու իշխանություններն ակնկալում են, որ դրոնների ստեղծման առաջին պատվերները ընկերությունները կստանան եկող տարվա հուլիսին։

Իրավիճակը Թայվանի շուրջ զգալիորեն սրվել է օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ դրանում տեսնելով ԱՄՆ-ի աջակցող քայլը թայվանյան անջատողականությանը, եւ մասշտաբային զորավարժություններ է անցկացրել։

Չինաստանի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի-նահանգի միջեւ հարաբերություններն ընդհատվել են 1949թ., այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, անցել են Թայվան։ Կղզու եւ Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերն սկսել են հաղորդակցվել հասարակական կազմակերպությունների՝ Պեկինի հարաբերությունների զարգացման ասոցիացիայի եւ Թայբեյի Փոխանակումների ֆոնդի միջոցով։