Վաշինգտոնը պահանջել է, որ Գերմանիային վաճառվող իսրայելական Arrow-3 մարտկոցների մի մասը ԱՄՆ-ում արտադրվի, հայտնում է KAN News-ը։

Քանի որ ԱՄՆ-ը մասնակցել է Arrow-3 համակարգի մշակմանը, անհրաժեշտ է, որ նա հաստատի Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ առաջիկա գործարքը: Թեեւ ԱՄՆ-ը սկզբունքորեն հավանություն է տվել գործարքին, նա նաեւ պահանջել է, որ զարգացման համար երկու երկրների ջանքերը շարունակվեն, եւ Գերմանիայի համար համակարգերի արտադրությունը չազդի այդ հարաբերությունների վրա:

Arrow-3-ը, որը Իսրայելի հակաօդային պաշտպանության ամենաառաջադեմ համակարգերից մեկն է, ի վիճակի է ավելի քան 100 կմ բարձրության վրա որսալ մինչեւ 2400 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռները: Իսրայելի Aerospace Industries ընկերության կողմից մշակված համակարգը ներառում է ԱՄՆ-ում մշակված բաղադրիչներ, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել դրանում։

Ապրիլին Jerusalem Post թերթը հայտնել էր, որ Գերմանիան Իսրայելից եւ ԱՄՆ-ից հավանություն է ստացել հակահրթիռային պաշտպանության Arrow-3 համակարգի գնման համար։

Այս ամսվա սկզբին պաշտպանության նախարար Բենի Հանցը խոսել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ առաջարկի մասին, որը, եթե հաստատվի, կլինի Իսրայելի պատմության մեջ 3 միլիարդ եվրոյի հասնող ամենամեծ պաշտպանական գործարքը:

Գերմանիան պահանջել է, որ Arrow առաջին համակարգը մինչեւ 2025 թվականը երկրում շահագործման հանձնվի: