Ուկրաինան կդիմի օտարերկրյա գործընկերներին՝ Starlink արբանյակային ինտերնետ-համակարգերի ֆինանսավորման խնդրանքով (որոնք ներկայում SpaceX-ը տրամադրում է անվճար), եթե ընկերությունն սկսի վճար պահանջել։ Այս մասին Reuters-ի հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Մենք կջանանք միջոցներ գտնել։ (Մենք) գործընկերներ ունենք տարբեր երկրներում։ Մենք կխնդրենք նրանց օգնել մեզ»,- ասել է Ռեզնիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիեւը կփակի ծախսերը, եթե SpaceX-ը վճար պահանջի»։

Ուկրաինայի զինված ուժերը հենվում են Starlink-ի հազարավոր կայանքների վրա՝ առաջնագծի հետ կապի համար, որտեղ բջջային կապի նորմալ ազդանշան կամ չկա, կամ հեշտությամբ որսվում է։

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն ավելի վաղ հրապարակայնորեն դժգոհել էր ֆինանսական վնասներից, որոնք կրում է Ուկրաինայում, բայց ավելի ուշ խոստացել էր շարունակել «անվճար» ծառայություններ մատուցել։

«Մենք ստացել ենք նրա խոստումները, որ կշարունակի կազմակերպել Ուկրաինայում մեր Starlink-ների սպասարկումը»,- ասել է Ռեզնիկովը Reuters գործակալությանը։

Նրա խոսքով՝ SpaceX-ը «որոշ» արբանյակներ անվճար է տրամադրում, իսկ մյուսների համար վճարում է Ուկրաինան։ Նա հրաժարվել է թվեր նշել։