ԱՄՆ-ն նախազգուշացրել է Եվրոպային, որ Թայվանի շուրջ հակամարտությունը զանգվածային գլոբալ տնտեսական շոկ կառաջացնի՝ փորձելով ակտիվացնել արտակարգ իրավիճակներում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով աճող անհանգստության ֆոնին գործողությունների պլանավորումը, գրում է FT-ն։
Պետդեպարտամենտը դաշնակիցների եւ գործընկերների հետ կիսվել է հետազոտություններով, որոնց համաձայն Թայվանի չինական շրջափակումը 2,5 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս կհասցնի։ Տվյալները հիմնված են Rhodium Group հետազոտական ընկերության զեկույցի վրա։
Նախազգուշացումը փոխանցվել է Եվրահանձնաժողովին եւ եվրոպական կառավարության պաշտոնական անձանց, քանի որ ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները սկսում են մտածել, թե ինչպես կարող են օգտագործել Չինաստանի դեմ պատժամիջոցները՝ Թայվանի դեմ ցանկացած ռազմական գործողության դեպքում։
Վաշինգտոնը զեկույցն օգտագործում է եվրոպական երկրներին ցույց տալու համար, որ Թայվանի հակամարտությունը նրանց համար լուրջ հետեւանքներ կունենա։
ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն բանակցություններ են սկսել այն մասին, թե ինչպես նախապատրաստվել Թայվանի պատճառով հնարավոր հակամարտությանը:
ԱՄՆ-ն օգտագործել է նաեւ ուկրաինական պատերազմի օրինակը, որպեսզի ընդգծի չնախատեսված հանգամանքները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել զեկույցը: ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շահագրգռված է Թայվանի նեղուցում խաղաղությամբ եւ կայունությամբ»։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան զեկույցի տարածումը համեմատել է անցյալ տարվա ԱՄՆ քայլի հետ՝ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ուժի ավելացման մասին տեղեկությունների տարածման վերաբերյալ, երբ ԵՄ որոշ մայրաքաղաքներ մերժել էին ներխուժման գաղափարը: «Մենք դրանից դաս ենք քաղել»,- հավելել է պաշտոնյան։





























