Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ Հայաստանում քաղաքական կալանավորներ՝ ի դեմս ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, չեն լինի եւ կոլիցիա-ընդդիմություն երկխոսությունը կշարունակվի։

«Երկխոսությունը կշարունակվի եւ կշարունակվի ոչ այն պատճառով, որ իշխանությունը շատ բարի եւ ժողովրդավար է, այլ շատ պարզ պատճառով. նրանք ոչ հնարավորություն, ոչ էլ բարի կամք ունեն՝ երկիրն այս վիճակից հանելու։ Եթե երկխոսությունն իշխանությանը անհրաժեշտ չլիներ, նրանք իրենց կպահեին այնպես, ինչպես պահում էին սրանից առաջ»,- նկատեց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունն իշխանությանը դեռեւս վերջնագիր չի ներկայացրել, սակայն անպայման կներկայացնի։

Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին եւս վստահություն հայտնեց, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կշարունակվի, քանի որ այն անհրաժեշտ է ժողովրդին եւ հատկապես ՀԱԿ-ին։ «Հայ ազգային կոնգրեսն Ազգային ժողովում ներկայացված չէ, եւ երկխոսությունը լավ միջոց է՝ արտահայտելու սեփական տեսակետերը»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ իշխանության գալու-չգալու հնարավորությանը, Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ ինքը ՀԱԿ-ին մեկ միասնական ուժ չի դիտում եւ չի պատկերացնում, թե նա, իր մեջ ներառված ամենատարբեր քաղաքական ուժերով, ինչպե՞ս կարող է իշխանության գալ։ «Ներուժ ՀԱԿ-ում, իհարկե, կա, բայց միեւնույն է՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է քաղաքական այդ ուժն իշխանության գալ»,- նշեց խորհրդարանականը:

Սրան ի պատասխան՝ Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ նոր պետական ապարատ ձեւավորելու համար ՀԱԿ-ը բավական պոտենցիալ ունի։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն առկախել է երկխոսության գործընթացը եւ հայտարարել, որ այն կվերսկսվի միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց հետո։