Վրաստանը ժխտում է WikiLeaks-ի տարածած տեղեկություններն այն մասին, որ Վրաստանը շարունակում է իր օդային տարածքը տրամադրել դեպի Հայաստան ռազմական բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
«Վրաստանը համաձայնություն է ունեցել Ռուսաստանի հետ օդային տարածության օգտագործման վերաբերյալ, սակայն այդ փաստաթուղթը չեղյալ է հայտարարվել Վրաստանի խորհրդարանի կողմից»,-սեպտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կանադաձեն:
«Պետք է զգուշերեն մոտենալ WikiLeaks-ի տարածած տեղեկություններին, քանի որ հայտնի չէ` հավաստի է այն, թե` ոչ: Բայց ինքը` փաստը, չի համապատասխանում իրականությանը: Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է մեզ օդային տարածքը բացելու համար, սակայն մենք չենք համաձայնվել: Ռուսաստանի կողմից նման առաջարկ մենք ստացել ենք 2008 թվին: Իսկ այսօր օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել»,-հայտարարել է Կալանդաձեն, հաղորդում է «Գրուզյա online»-ը:
Աղմկահարույց կայքը հրապարակել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի 2010 թվի գաղտնի հեռագիրը, որտեղ հաղորդվում է, որ Վրաստանը շարունակում է իր օդային տարածքը տրամադրել դեպի Հայաստանի ռազմական բեռնափոխադրումներ իրականացնելու համար:



























