«Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանի մահվան գործով նոր ձերբակալություններ կլինեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 5-ին հայտնել է Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:
Ներկայումս գործով կալանավորված է մեկ սպա, ձերբակալված զինվորի ճակատագիրն ու խափանման միջոցն այսօր կորոշվի Գորիսի դատարանում: Ինչպես նշել է Կոստանյանը, տեղեկատվության պակասը խոսակցություններ է ծնում, ինչի կապակցությամբ նա պատրաստակամություն է հայտնել պատասխանել հարցերին այն չափով, որքանով դա չի խոչընդոտի նախաքննությանը:
Ըստ զինդատախազի, քննությանը հայտնի է երկու դրվագ` բռնություն անմիջապես զորամասում, որի արդյունքում Աղասի Աբրահամյանը վատացել է, կորցրել գիտակցությունը եւ տեղափոխվել բուժկետ (այն գտնվում է զորամասից 30 կմ հեռավորության վրա), որտեղ գտնվել է անօգնական վիճակում, իսկ այնտեղ էլ բռնության է ենթարկվել բուժկետի պետի կողմից: Դրանից հետո զինվորին տեղափոխել են հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է:
Կոստանյանը կտրականապես հերքել է շշուկները, թե մահվան պատճառ կարող էր լինել թունավորումը, մահճակալից ընկնելը կամ ցանկացած այլ վարկած, որը կարող էր հանցագործությունը պարտակելու միջոց ծառայել: Նա շեշտել է, որ պաշտոնապես նման վարկածներ չեն շոշափվել, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր, որ բռնություն է կիրառվել: Իսկ վերջնական պատճառի մասին հնարավոր կլինի խոսել փորձաքննությունից հետո:
Հարցին, թե ինչու չի հաղորդվում ձերբակալված սպայի անունը, Կոստանյանը խոստացել է ասել այն մոտ ապագայում:
Կոստանյանը հայտարարել է, թե զինվորի մահը մեծ ցավ է իր համար, նաեւ համապատասխան կառույցների համար: «Մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ակնկալվում է, որ գործի շրջանակներում կձերբակալվեն եւս երկու անձինք»,-ասել է նա:




























