Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի «գործողությունները» չեն սահմանափակվի օդային հարվածներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Մենք կորոշենք, թե որքան ցամաքային ուժ է անհրաժեշտ, եւ համապատասխան քայլ կնախաձեռնենք»,- վստահեցրել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի տեղեկացնում ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին՝ կապված Սիրիայում եւ Իրաքում «ահաբեկիչների» օբյեկտներին հարվածելու ծրագրերի հետ։ «Մենք գործողությունների թեման չենք քննարկել ո՛չ պարոն Բայդենի, ո՛չ պարոն Պուտինի հետ։ Միեւնույն ժամանակ, եւ՛ Բայդենին, եւ՛ Պուտինին լավ հայտնի է Անկարայի դիրքորոշումը եւ ցանկացած պահի մեր հարվածների հավանականությունը այս տարածաշրջանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիան ինքն է որոշում ինչ քայլեր ձեռնարկել։ «Ամերիկացիներին պետք է հստակ իմանալ այս մասին: Կարծում եմ՝ նրանք արդեն հասկացել են: Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի նոր կարեւոր քայլերին»,- ասել է Էրդողանը։
Միաժամանակ նա դժգոհություն է հայտնել Սիրիայի հարցում ԱՄՆ մոտեցումների հետ կապված։ «Մենք վշտացնում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցը վերջին տարիներին զինամթերքով եւ զենքերով հազարավոր բեռնատարներ է մատակարարել Սիրիայի այն շրջաններ, որտեղ գործում են ահաբեկիչները»,- ասել է Էրդողանը ՝ նշելով, որ «դա շարունակվում է Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր, շարունակվել է Դոնալդ Թրամփի օրոք եւ մնում է անփոփոխ Ջո Բայդենի օրոք»:
Թուրքիայի ղեկավարի խոսքով, Վաշինգտոնին տեղեկացվել է Սիրիայի վերաբերյալ Անկարայի մտահոգությունը։ «Ես անձամբ բարձրացրել եմ հարցը Օբամայի, Թրամփի եւ այնուհետեւ Բայդենի հետ զրույցներում, հայտարարել եմ, որ եթե մենք ՆԱՏՕ-ում դաշնակիցներ եւ գործընկերներ ենք, պետք է գիտակցենք, որ ամերիկացիների կողմից Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը սպառնալիք է Թուրքիայի հարավային սահմանների համար։ Զգուշացրել ենք, որ անհրաժեշտության դեպքում մենք ստիպված կլինենք պատասխանել»,- ընդգծել է նախագահ Էրդողանը` հավելելով, որ ամերիկյան կողմը «պատասխանելու ոչինչ չունի» Անկարային։ «Մենք կշարունակենք գործել այնպես, ինչպես պահանջում է Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Ոչ մի զիջում։ Որովհետեւ ցանկացած դիրքորոշման փոփոխություն մեր երկրի համար հղի է խնդիրներով»,- ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդը հիշեցրել է 2019 թվականի Սոչիի պայմանավորվածությունները, որոնց համաձայն ռուսական կողմը ստանձնել է Սիրիայի որոշ շրջաններ ահաբեկիչներից մաքրելու պատասխանատվությունը։ «Ցավոք, չնայած թուրքական կողմից բազմիցս հիշեցումներին, այդ պարտավորությունները չեն կատարվել։ Չեն կատարում, չեն կարողանում կատարել։ Ի պատասխան՝ մենք հայտարարում ենք, որ պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր ահաբեկիչների դեմ։ Հենց սրա հետ են կապված սիրիական Քոբանիում նախօրեին ահաբեկիչների 12 թիրախներին հասցված հարվածները։ Սա այն գործողությունների մի մասն է, որոնք կշարունակվեն»:





























