Պրիշտինան երկու օրով հետաձգել է սերբական ավտոհարամանիշները կոսովյանով փոխելու պահանջը ԱՄՆ դեսպանության խնդրանքով։ Այս մասին տեղեկացրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Թվիթերում։
«Ես ընդունում եմ 48 ժամով տուգանքները հետաձգելու խնդրանքը։ Ես ուրախ եմ աշխատել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, որպեսզի լուծումներ գտնենք հաջորդ երկու օրում»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ջեֆ Օվենյերին մասնակցության համար, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Դիվանագետի նամակում նշվել էր, որ ԱՄՆ-ը անհանգստացած է, որ կողմերը համաձայնության չեն եկել «ներկա ճգնաժամի» կարգավորման բանակցություններում։ Օվենյերը կոչ է արել 48 ժամով հետաձգել տուգանքները, որպեսզի ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ջանքեր գործադրեն իրավիճակը պարզելու համար։
Կոսովոյի ոստիկանությունը խոստացել էր նոյեմբերի 22-ի առավոտվանից 150 եվրոյով տուգանել օրինախախտներին, Պրիշտինան եւ Բելգրադը նոյեմբերի 21-ի բանակցություններում հաջողության չեն հասել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ իրավիճակը մոտ է հակամարտության։ Նա խաղաղության պահպանման կոչ է արել՝ նախազգուշացնելով «երկրի վրա դժոխքից», եթե բանակցությունները ձախողվեն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններում պահանջել է, որպեսզի Սերբիան նոր համարանիշներ չտա, իսկ Կոսովոյում նոր տուգանքներ չգրեն։ Վուչիչը հավաստիացրել է, որ Բելգրադը կկատարի այդ պայմանը, բայց Կուրտին առաջարկն անընդունելի է համարել, քանի որ Եվրամիությունը չի ստանձնել «երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերջնական համաձայնագրի պատասխանատվությունը»։ Կոսովոյի վարչապետն ընդգծել է, որ Պրիշտինան առաջարկել է համաձայնագիր կնքել մինչեւ 2023թ. մարտ, բայց ԵՄ-ում հրաժարվել են այդ ժամկետից։
Տուգանքների հետ կապված իրավիճակը սրվել է հուլիսի վերջին, արգելքը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։ Պրիշտինան մեկ ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը հետաձգել էր այն, իսկ օգոստոսի 27-ին Բորելը նշել էր Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին։ Դրա համաձայն՝ Բելգրադը չեղարկելու է ժամանակավոր փաստաթղթերի տրամադրումը Կոսովոյի բնակիչներին, իսկ Պրիշտինան նման միջոցներ չի մտցնի սերբերի համար։ Բայց նոյեմբերի 1-ից «Յարինյե» եւ «Բրնյակ» անցակետերում վարորդներին սկսել են ծանուցումներ հանձնել, որ նրանք պարտավոր են վերագրանցել իրենց ավտոմեքենաները Կոսովոյի համարներով (RKS)։




























