Հայաստանում մարկետինգ կարելի է ասել չկա, այստեղ զարգացած է վաճառքը, բայց շուկայագիտությունը զարգացած չէ, եւ Հայաստանում այդ առումով մեծ աշխատանք կա անելու: Այս մասին սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած «Հայաստանյան մարկետինգի արդի հիմնախնդիրները» քննարկման ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Կոտլեր Իմփեքթ» ընկերության տնօրեն Ֆահիմ Կիպրիանը:

«Հայաստանում կա վաճառք, բայց շուկայի հետազոտություն չկա, կարելի ասել կույս է այս շուկան, եւ շատ բան կարելի է անել: Բայց Կովկասի շուկան, եւ մասնավորապես Հայաստանի շուկան հետաքրքրիր է Ֆիլիպ Կոտլերի համար, եւ նա նախատեսում է լրջորեն զբաղվել Հայաստանի շուկայով: Ցանկություն ունի հաճախ այցելել այստեղ, գոնե տարին մեկ անգամ, եւ հնարավորություն տալ հարեւան երկրների մարկետինգի մասնագետներին եւս այստեղ վերապատրաստվել»,- ասաց Կիպրիան՝ ավելացնելով, որ «Մարկետինգի հայաստանյան ասոցիացիայի» հրավերով նոյեմբերին Հայաստան ժամանող Կոտլերը մի քանի օր սեմինարներ է անցկացնելու պետական պաշտոնյաների, գործարարների, մարկետինգի մասնագետների եւ ուսանողների համար:

Կիպրիանը տեղեկացրեց, որ մինչեւ 2012 թ.-ը Կոտլերը եւ նրա թիմը տարածաշրջանում աշխատելու են միայն Հայաստանի հետ, ուսումնասիրելու են տեղի շուկան, դասագրքեր են գրելու, որտեղ ներառելու են շուկայում գործող ընկերությունների զարգացման հաջող օրինակներ:

Նշենք, որ մարկետինգի կայացման ու զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցող եւ մարկետինգի «լեգենդ» համարվող Ֆիլիպ Կոտլերը կայցելի նոյեմբերին 4 օրով կայցելի Հայաստան, որի շրջանակում նաեւ կբացի մարկետինգի զարգացման «Excellence center» կենտրոնը, որը նպատակադրված է դարձնել տարածաշրջանային ազդեցիկ կրթական կառույց:

Տեղեկացնենք, որ քննարկումը կազմակերպել էր «Մարկետինգի հայկական ասոցիացիան»