Արեւմուտքը բռնել է պատերազմներ վարելու ուղին եւ շահագրգռված է դրանց շարունակմամբ։ Այս մասին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը։

Ինչպես հայտնում է պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Ալ Ասադն ընդգծել է, որ Բելառուսը թիրախ է դարձել Եվրոպայի կենտրոնում իր ռազմավարական դիրքի եւ ինքնիշխան քաղաքականության պատճառով։ «Արեւմուտքը բռնել է պատերազմներ վարելու ուղին եւ շահագրգռված է դրանց շարունակմամբ, քանի որ եթե այս պատերազմները դադարեն, ապա գերիշխանության համակարգը կփլուզվի»,- նշել է նա։

Ասադն ընդգծել է, որ արեւմտյան երկրները չեն կարողացել ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին շատ երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Ռուսաստանը եւ Բելառուսը, ուստի նրանք դիմել են տնտեսական պատերազմների։ «Այդ պատերազմներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել այդ պետությունների ջանքերը, ի լրումն այլ երկրների հետ տնտեսական կապեր հաստատելու, որոնք ունեն նմանատիպ սկզբունքներ եւ արժեքներ, եւ այդ դեպքում Արեւմուտքը մեկուսացման մեջ կհայտնվի»։

Նա շնորհակալություն է հայտնել Բելառուսին ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիային աջակցելու, Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հարցում նրա անսասան դիրքորոշման եւ սիրիացի ժողովրդի տոկունությանն աջակցելու համար։