Կիեւում լույսը 2-3 ժամով կմիացնեն, մինչեւ մայրաքաղաքին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը մեծանա։ ԴՏԷԿ էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Դմիտրի Սախարուկը տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգում իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է, բայց վերահսկելի, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Կիեւում այժմ բնակչության մոտ 30 տոկոսը լույս ունի: Աստիճանաբար կսկսենք միացնել, 2-3 ժամով լույս տալ, մինչեւ Կիեւին մատակարարվող էներգիայի քանակը ավելանա...»,- ասել է Սախարուկը։ Նա հիշեցրել է, որ երեկ ԴՏԷԿ-ի ձեռնարկություններից մեկի վրա հարձակման հետեւանքով վիրավորվել է հիվանդանոցում գտնվող աշխատակիցներից մեկը։ «Ինչ վերաբերում է ձեռնարկության սարքավորումներին, ապա այն զգալիորեն վնասված է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես կարելի է վերականգնել։ Երեկ տեղի ունեցած խափանումից հետո մենք արդեն վերսկսել ենք մեր ընկերության մյուս ձեռնարկությունների աշխատանքը։ Նրանք բոլորն արդեն սկսել են էլեկտրաէներգիա արտադրել ու մատակարարել ցանցին»,- ասել է Սախարուկը։





























