Ճգնաժամից 2 տարի անց աղքատությունը Հայաստանում հասել է 46 տոկոսի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` սեպտեմբերի 6-ին նման հայտարարություն արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով` մինչ ճգնաժամը աղքատությունը Հայաստանում տարեցտարի կրճատվում էր, եւ 2008 թ. հասել էր 27 տոկոսի, որից 7 տոկոսը ծայրահեղ աղքատներ:
Գործնականում, ըստ Ա. Ադիբեկյանի, ճգնաժամն ազդել է ընտանիքներից 85 տոկոսի եկամուտների ու կենսամակարդակի վրա, եւ միայն 15 տոկոսն է, որ չի զգացել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Որպես ճգնաժամի հետեւանք` Ա. Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ հետեւյալ տեղեկությունները. 14 տոկոս արտագաղթ, 3 տոկոսը թողել է բիզնեսը, 2 տոկոսն` ուսումը, բնակչության 25 տոկոսը պարտք է վերցրել:
Իսկ ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի` բնակչությունն իր եկամուտների 54 տոկոսը ծախսում է սննդի վրա, այնինչ, ըստ միջազգային մեթոդոլոգիայի, այդ ցուցանիշի 25 տոկոսից ավելի լինելը աղքատության արտահայտություն է:




























