Լեզվի պետական տեսչությունը 2011թ Երեւանում «Լեզվի մասին» օրենքի խախտման  60 դեպք է արձանագրել, որից 21-ը` ցուցանակային խախտումներ են: Այդ 21 ցուցանակային խախտումներից 7-ի դեպքում սխալը շտկվել է, իսկ 14-ի դեպքում կազմվել է արձանագրություն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, ասաց Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը` հավելելով, որ մինչ դատական պրոցեսն սկսելը, տնտեսվարողները կարող են շտկումներ անել եւ այդ դեպքում համաձայնության կգան:

«Այս գործով զբաղվել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ նրանք եւս արձանագրել են տնտեսավարողների 120 խախտումներ, նախազգուշացումներ են արվել, ինչ-որ բաներ փոխվել են»,- ասաց նա:  «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո` հուլիսի 17-ից, որոշակի հստակեցումներ կատարվեցին օրենսդրությունում: Սերգո Երիցյանի խոսքով` եթե նախկինում շատ իրողություններ սահմանված չէին, ապա այժմ շատ-շատ բաներ հստակ մեկնաբանվել են: Օրինակ`  ցուցանակի վերաբերյալ կան օրենսդրական հստակ մոտեցումներ:

«Եթե նախկինում արձանագրում էին ցուցանակային խախտումներ, ապա մեզ ասում էին, որ սա  ցուցանակ չէ, գովազդի մաս է եւ այլն: Այժմ այդ օրենսդրական բացը չկա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է տույժերին, ապա դրանք եւս կրկնապատկվել են` նախորդ 50-75 հազարի փոխարեն, այժմ նվազագույն աշխատավարձի  100-300-ապատիկի սահմաններում է: Սերգո Երիցյանի խոսքով` գովազդում եւս գերակա պետք է լինի գրական հայերենը:

Ըստ որում` եթե գովազդի տեքստն ուղղահայաց է, ապա վերեւում պետք է լինի հայերենը, ներքեւում` օտար լեզվով գրածը, եթե հորիզոնական է, ապա ձախ կողմում` հայերենը, աջ կողմում` օտար լեզուն: Ինչ վերաբերում է հեռուստաեթերին, ապա Սերգո Երիցյանը նշեց, որ իրենք առայժմ օրենսդրորեն իրավասություն չունեն վերահսկելու այն, այդ գործառույթը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովինն է: