Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են բնակչությունից անօրինական պահվող զենք-զինամթերքի առգրավման գործընթացը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 19.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ «Դինամո» մարզադաշտի մոտ գտնվող շինարարության տարածքում զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 310 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ մեկ պայթուցիչ:

Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Նորք» կինոթատրոնի շենքի մոտ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ  եւ մետաղյա կռփազենք:

Երկու դեպքում էլ զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: