Օքսֆորդի բառարանը տարվա բառ է անվանել goblin mode («գոբլինի ռեժիմ») սլենգային արտահայտությունը։Երկուշաբթի այս մասին հայտնել է Օքսֆորդի համալսարանի հրատարակության մամուլի ծառայությունը։
«Գոբլինի ռեժիմ» արտահայտությունը նշանակում է չափազանց եսասիրական վարքագիծ, որը մերժում է հասարակական նորմերն ու սպասելիքները եւ բնութագրվում ծուլությամբ, թափթփվածությամբ եւ ժլատությամբ։
Այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է Twitter-ում 2009 թվականին, սակայն լայն տարածում է գտել 2022 թվականի փետրվարին՝ հայտնվելով թերթերի եւ ամսագրերի վերնագրերում։ Տերմինի տարածմանը նպաստել է կառավարությունների կողմից COVID-19 համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկումը։
Օքսֆորդի բառարանը առաջին անգամ տարվա բառն ընտրել է առցանց ձեւաչափով անցկացվող հանրային քվեարկության արդյունքներով։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է metaverse բառը, երրորդ տեղը #IstandWith հեշթեգը։





























