Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարությանը հանձնարարել է 43 տրլն իեն (մոտ 317,9 մլրդ դոլար) հատկացնել պաշտպանության ապահովմանը 2023-2027 թվականներին, հայտնում է Kyodo գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հանձնարարականը տրվել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկիի եւ պաշտպանության նախարար Յասուկազու Համադայի հետ կաբինետի ղեկավարի հանդիպման ժամանակ։
Մինչեւ 2027 թվականը Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ավելի քան երկու անգամ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ իրենց մասնաբաժինը հասցնելով երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսին։
Իր ազգային պաշտպանության պլանի համաձայն՝ մինչեւ 2031 թվականի վերջը Ճապոնիան դիտարկում է երկրի ծայրամասային հարավարեւմտյան կղզիներում բալիստիկ հրթիռների որսման հնարավորություններով զինված ինքնապաշտպանական ուժերի թիվը գրեթե եռապատկելու հնարավորությունը: Գործակալությունը նաեւ նշում է, որ Ճապոնիան դիտարկում է մինչեւ 2027 թվականի ֆինանսական տարին ԱՄՆ-ից մինչեւ 500 «Տոմագավկ» թեւավոր հրթիռներ գնելու հնարավորությունը։
Ինչպես նշվում է, Ճապոնիայի կառավարությունն մտահոգված է ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռային ծրագրի զարգացմամբ, Չինաստանի հզորության մեծացմամբ եւ ուկրաինական հակամարտության պատճառով երկրի շուրջ անվտանգության իրավիճակի վատթարացմամբ, ինչի պատճառով էլ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հինգ տարվա ընթացքում ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը։





























