Հայաստանի բանակի վրա դեռեւս կա խորհրդային բանակի կնիքը: Այդ մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշնակցական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Ամենաշատ հանցագործությունները լինում են ռուսական բանակում, ապա նախկին խորհրդային երկրների բանակներում: Հրամանատարները որոնք չեն համապատասխանում իրենց կոչմանը, անկախ նրանց ծառայություններից, մեր բանակում տեղ չունեն: Մեկ օրում մեկ տարում հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել, բայց պետք է շատ արագ լուծենք»,- նշել է Կարապետյանը: 

Վերջինս նախօրեին ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են ներկաայցուցիչներ պաշտպանության նախարարությունից, ռազմական ոստիկանությունից, զինդատախազությունից, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հիմա քննարկումն ավելի լայն էր, մտահոգությունն այն էր, որ ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց հարցադրումները ներկայացնեն, եւ համատեղ ուժերով ելքեր փնտրեն, որովհետեւ վերջին շրջանում ցավալի շատ դեպքեր եղան բանակում, հանցագործություններ, մահեր:Մենք սկզբից լսեցինք պատկան մարմինների ներկայացուցիչներին»,- ասաց պատգամավորը:

Հրայր Կարապետյանն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել սպաների եւ զինվորների իրավունքներն ու պարտականությունները, նաեւ արմատապես փոխել զորակոչի կարգը: «Մեզ չի գոհացնում, որ երբեմն հիվանդներ են զորակոչվում, մարդիկ, որ իրենց տեղում չեն: Զինծառայողների արձակուրդ գնալու խնդիրը պետք է կանոնակարգվի, որ ոչ թե հրամանատարը բարեհաճի արձակուրդ ուղարկել, այլ օրենքով լինի: Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը: Աշխարհի բոլոր բանակներում էլ նման դեպքերը չեն բացառվում: Բայց միայն օրենսդրական գործունեությունը բավարար չէ, պետք է սպաներն ու զինվորները տեղյակ լինեն իրենց իրավունքներից»,- նկատեց Կարապետյանը: