Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր` սեպտեմբերի 8-ին, մեկնարկեց Արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանի դեմ ՀՀ զինվորական դատախազության դատախազ, մեղադրող Հարություն Հարությունյանի կողմից ներկայացրած գործի քննությունը:Ժորա Աթոյանը մեղադրվում է երկար տարիներ կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու եւ գումարներ յուրացնելու մեջ:

Զինվորական դատախազության ներկայացուցչի պնդմամբ, արցախյան պատերազմի ժամանակ Ժորա Աթոյանը չի վիրավորվել, ունեցել է առողջական այլ խնդիրներ ու պատերազմին մասնակցելու առիթն օգտագործելով, ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր ու տարիներ շարունակ զինվորական կենսաթոշակ ստացել: Ամբաստանյալը դա շինծու մեղադրանք է համարում:

Ժորա Աթոյանը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հակառակն է պնդել, թե կռվի դաշտում  վիրավորվել է 3 ընկերների հետ միասին, նրանցից երկուսը պատրաստ են դատական նիստերի ժամանակ ցուցմունք տալ, որ Աթոյանը հաշմանդամություն ձեռք է բերել պատերազմի ժամանակ:  Ամբաստանյալի համոզմամբ, այս մեղադրանքը հստակ քաղաքական ենթատեքստ ունի ու նաեւ անհատական վրեժխնդրության արդյունք է: Դատական նիստը հետաձգվել է: Ամբաստանյալի շահերի պաշտպան Աննա Դավթյանը միջնորդել է դատարանին, ժամանակ տալ գործի նյութերին մանարամասն ծանոթանալու համար: