Հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Ջողազի ջրամաբարի պոմպակայանը թալանվել է: Խոսքը գնում է 2.5 միլիոն դոլար արժողության պոմպակայանի մասին, որով խորհրդային տարիներին Ջողազի ջրամբարից ոռոգվել են Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը:

1990 թվականից հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, այնուհետ ենթարկվել է թալանի: Հենց սահմանագծում, ապամոնտաժել եւ որպես մետաղի ջարդոն հանձնել են: Սույն գործով գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«Գործով նախաքննություն է սկսվել, անգամ իրականացվել է հարցաքննություն, սակայն ձերբակալվածներ չեն եղել, հետո իմացանք, որ գործը փակվել է եւ հետաքննություն չի տարվում: Ու գիտե՞ք ինչ պատճառաբանեցին, թե գործում կա անհաղթահարելի ուժ, իբր այդ ուժը Ադրբեջանն է եւ պոմպերը գտնվել են Ադրբեջանի տարածքում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ պոմպակայանը գտնվում է հայկական տարածքում եւ մշտապես ծառայել է հայկական գյուղերը ոռոգելու նպատակով: «Եթե թալան իրականացնողները մերոնք չեն, նշանակում է գործ ունենք միջազգային նշանակության հանցագործության հետ եւ հայ սահմանապահները առնվազն պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվել, քանի որ տեղի է ունեցել մշտական հսկողություն»,-ասել է Արթուր Սաքունցը:

Իրավաբանի կարծիքով՝ տեղի է ունեցել խոշոր չափի յուրացում բարձր մակարդակով, քանի որ նման չափի թալանը չէր կարող տեղի ունենալ հասարակ սահմանապահի մակարդակով: «Այդ պատճառով գործը կոծկվում է», քանի որ ըստ Արթուր Սաքունցի, բացահայտելը ձեռնտու չէ, իսկ որպես պատճառաբանություն նշվող այն փաստը, թե գործում առկա է անհաղթահարելի ուժ եւ բերվում է Ադրբեջանի գործոնը, ըստ իրավաբանի ամենեւին համոզիչ չէ: