Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի շրջանակում Գյումրիում այսօր` սեպտեմբերի 8-ին, բացվել է Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսն (մարզային «ArtExpo») ու մրցույթ-փառատոնը: Սրանով մեկնարկում է ՏԻՄ 15-ամյակի հոբելյանական միջոցառումների աշնանային շարքը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ շրջել է Գյումրիի կենտրոնական հրապարակում բացված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի  տաղավարներով, ծանոթացել ցուցադրություններին: Մարզային «ArtExpo»-ին  ՀՀ մարզերից մասնակցել են ավելի քան 100 քաղաքային եւ գյուղական համայնք: Նրանք զբաղեցնում են 90 միանման ձեւավորված տաղավարներ ըստ մարզերի եւ կմրցեն 9 անվանակարգում, մասնավորապես, ժյուրին կընտրի մշակութային լավագույն քաղաքային եւ գյուղական համայնքները, լավագույն գրադարանը, մշակույթի տունն ու թանգարանը:

Հյուրերը հետեւել են նաեւ հանրապետության տարբեր մարզերից Գյումրի ժամանած 30-ից ավելի համայնքային համույթների եւ անհատ կատարողների ելույթներին, որոնք մրցել են  երեք անվանակարգերում` «Լավագույն պարային խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ազգային նվագարանների խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ժողովրդական երգի համույթ (անհատ կատարող)»:

Փառատոնի առաջին փուլը` մարզերի թատերական խմբերի մասնակցությամբ, անցկացվել էր սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի եւ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Միջոցառման նպատակն է մարզերում մշակութային կյանքին թարմ շունչ ու նոր բովանդակություն հաղորդելը:  Նախատեսվում է ցուցահանդեսը եւ մրցույթ-փառատոնը դարձնել ավանդական: