Լեհաստանի ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ Յարոսլավ Շիմչիկը RMF FM հեռուստաալիքին ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաների նվիրած նռնականետը պատահաբար պայթել է, երբ ինքն այն տեղափոխել է աշխատասենյակում, հաղորդում է AP-ն:
Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Վարշավայի ազգային ոստիկանության գլխավոր գրասենյակում։ Ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ Ուկրաինայի նվերը պայթել է, իսկ Շիմչիկը եւ եւս մեկ մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Սակայն հայտարարությունն անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ինչ նվեր է եղել, եւ ով է հրահրել պայթյունը։
Շիմչիկը հաստատել է լեհական լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ նվերը նռնականետ է եղել:
RMF FM-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, հայտնել է, որ Շիմչիկը վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկու օգտագործված հակատանկային նռնականետ է նվեր ստացել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն պարզ է, որ ո՛չ ուկրաինացիները, ո՛չ լեհերը չեն կարծել, որ նռնականետերը պայթուցիկ ներուժ ունեն։
«Երբ ես վերադասավորում էի ուկրաինացիների նվիրած օգտագործված նռնականետերը, պայթյուն տեղի ունեցավ»,- ասել է Շիմչիկը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրա հարվածի ուժը ճեղքել է հատակն ու առաստաղը։
Շիմչիկը սկզբում հոսպիտալացվել է զննման նպատակով, սակայն մյուս անձը՝ քաղծառայողը, հոսպիտալացման կարիք չի ունեցել։
Լեհաստանը Ուկրաինայի դաշնակիցն է եւ տարբեր տեսակի աջակցություն է առաջարկել հարեւան երկրին, այդ թվում՝ ռազմական եւ հումանիտար օգնություն։ Լեհաստանը նաեւ մեծ թվով ուկրաինացի փախստականների է ընդունել։




























