2019 թվականին Դրեզդենի պատմական գեղարվեստական հավաքածուից գողացված 120 միլիոն դոլարի թանկարժեք զարդերի մեծ մասը հայտնաբերվել է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերմանական ոստիկանությանն ու դատախազությանը։

Իշխանությունների խոսքով՝ հայտնել են, որ Բեռլինում քննիչներն առգրավել են 31 իր, այդ թվում՝ լեհական Սպիտակ արծիվ միաբանության աստղը եւ ադամանդներով զարդարված գլխազարդը:

Դրանց վերադարձը բանակցությունների արդյունքն է դատախազների եւ 2019 թվականի նոյեմբերին «Կանաչ պահոցների» (Gruenes Gewoelbe) թանգարանը կողոպտելու համար դատվող գերմանացիների փաստաբանների միջեւ:

Եվրոպայի արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուներից մեկից գողացած ցուցանմուշներն ընդհանուր առմամբ պարունակել են ավելի քան 4300 ադամանդներ, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 113 միլիոն եվրո:

Դատախազները կարծում են, որ գողերը նախապես սղոցել են պատուհանի վանդակաճաղի մի մասը եւ նորից ամրացրել այն, որպեսզի կողոպուտի ժամանակ հնարավորինս արագ մուտք գործեն շենք։

Իշխանությունների խոսքով՝ վերադարձված իրերը կուսումնասիրվեն մասնագետների կողմից՝ «դրանց իսկությունն ու ամբողջականությունը հաստատելու համար»:

Սակայն մինչ այժմ չեն գտնվել այնպիսի առարկաներ, ինչպիսին է պանակը, որի վրա ամրացված է եղել Դրեզդենի սպիտակ ադամանդ կոչվող թանկարժեք քարը։