Արմավիրի մարզում դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։

Այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։

Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։