Վարչապետ Տիգրան Սարգսյանն Հայաստանում անցկացվելիք մարդահամարի հարցերին նվիրված հանդիպում է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը ներառյալ, փորձնական մարդահամարը` 2010թ. ապրիլի 14-ից 23-ը ներառյալ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի եւ Խաշթառակի գյուղական համայնքներում: Կազմվել է մարդահամարի ծախսերի նախահաշիվը, որը հինգ տարվա` 2009-2013թթ. համար, 2.5 մլրդ դրամ է եւ հավանության է արժանացել 2011թ. մարդահամարի համապետական հանձնաժողովի ս.թ. մարտի 20-ի անդրանիկ նիստում: Նշվել է, որ այդ գումարից 1.9 մլրդ դրամը նախատեսված է 2011թ. համար: Կարեւորագույն այս միջոցառումն անցկացնելու նպատակով 2011թ. ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը կարեւոր է նաեւ մարդկանց զբաղվածությունն ապահովելու եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու իմաստով:

Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրային գնահատման այսօրվա պատկերացումներով պետական բյուջեից հնարավոր կլինի ֆինանսավորել այդ ծախսերի միայն 21 տոկոսը: Նա կառավարության անունից դիմել է ներկաներին` հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն, ինչը արդի արագ փոփոխվող աշխարհի մասը կազմող մեր երկրի համար ունի կարեւոր նշանակություն: